2021թ. մարտի 6-ին ամփոփվեց «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա աշխատաժողովը։
Աշխատաժողովի երեք օրերի ինտերակտիվ հանդիպումների արդյունքում ծրագրի անդամները՝ ՀՀ 8 բարձրագույն ուսումնական հաստատությունների և 2 գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ, առաջարկեցին դոկտորական կրթության բարեփոխմանն ուղղված առաջարկներ և հայեցակարգային լուծումներ՝ հստակեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ։
Երրորդ օրը մասնակիցների հետ հանդիպեց և ելույթ ունեցավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց համագործակցային դոկտորական կրթությունը՝ լավագույն փորձի բացահայտումն ու ապագայի պլանավորումը: Նրա խոսքով՝ Գիտությունը Հայաստանի Հանրապետության համար որևէ այլընտրանք չունի, քան զարգացումը՝ հենվելով տեխնոլոգիական առաջընթացի և արագ զարգացումների վրա: «Ակնհայտ է, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք բարձրարժեք պրոդուկտներ ստեղծել Հայաստանում և որպես փոքր երկիր, կկարողանանք ուժեղ տնտեսություն ունենալ, ինչպիսիք օրինակ Իսրայելինն է, Շվեյցարիան և այն: Իմ, որպես նախարարի պաշտոնավարման երեք ամիսների ընթացքում, երբ հերթական համագործակցությունը պետք է լիներ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ասպիրանտական տեղերի պետպատվերի հատկացման, մենք վերանայեցինք մոտեցումը. առաջարկեցինք բիզնեսին ներկայացնել ծրագրեր, որոնք պետք է հետազոտվեն, և առայժմ շուրջ քսան ասպիրանտի համար ծրագիրը կամփոփվի: Կարծում ենք՝ մեզ սպասվում են շարունակական և սերտ համագործակցություններ: Կապն ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է գնանք»:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն, Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Ռուբեն Թոփչյանը նշեց, որ միջազգային փորձը ցույց է տվել՝ արդյունաբերությունը կարող է պատվիրել հետազոտական աշխատանք և ունենալ ասպիրանտ: Դրան համապատասխան՝ վերջինս ֆինանսավորում էր ասպիրանտական աշխատանքը, իսկ բուհը հետազոտության արդյունքը փոխանցում էր միանգամից արդյունաբերությանը: Նրա կարծիքով՝ այդ մոդելը շատ կարևոր է, քանի որ ինչպես բուհերի հավատարմագրումներն են ցույց տալիս, առկա է կիրառելի գիտելիքների փոխանցման պակաս, և այստեղ կա խնդիր: Փորձագետ Ռուբեն Թոփչյանը համոզմունք հայտնեց, որ այս ծրագիրը բավականին լուծումներ կտա՝ դոկտորական դպրոցներ ստեղծելով: Նա կարևորեց նաև դոկտորական կրթության և մագիստրոսական կրթության հետ կապը:
Աշխատաժողովի առցանց հարթակով մասնակցեցին ծրագրի ԵՄ գործընկերները, որոնք ներկայացրին դոկտորական կրթության միջազգայնացման փորձը Լիտվայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի օրինակով:
Աշխատաժողովի ընթացքում բուհերի և սոցիալական այլ գործընկերների կողմից ներկայացվեցին համագործակցային դոկտորական ծրագրերի, բուհ-արդյունաբերություն համատեղ իրականացվող հետազոտական ծրագրերի օրինակներ։
Աշխատաժողովն ամփոփվեց համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումների շարքով։
Նշենք, որ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն կգործի մինչև 2023 թվականը: ARMDOCT ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագրի նպատակներից է նաև խթանել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմանը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում են բուհերի և ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, ԿԳՄՍ ռազմավարական, ենթակառուցվածքային և մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացում, իրավական փաստաթղթերի մշակում, դոկտորական կրթության կազմակերպման ձեռնարկի մշակում, ինչպես նաև դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների ու արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։ Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում՝ 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատություններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումներով․ www.eiu.am; https://armdoct.com/ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՄՀ Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմինե Մանասյանին․ +37410 (24 94 38), armine.manasyan@eiu.am