Իրավաբանական կլինիկա
ԵՄՀ իրավաբանական կլինիկայում կամավորության սկզբունքով և ուսման առաջադիմությամբ բակալավրի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողներն անվճար իրավաբանական աջակցություն են տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և սոցիալապես անապահով քաղաքացիներին: Կլինիկան իրավագիտության ամբիոնի կառուցվածքային միավոր է և չի հետապնդում շահույթ:
Իրավաբանական կլինիկան նպատակ ունի ապահովել ուսանողներին պրակտիկ գործնական գիտելիքներով և հմտություններով, աջակցել ուսանողներին կարիերայի ձևավորման հարցում, աջակցել իրավագիտակցության բարձրացմանը:
Ըստ անհրաժեշտության ուսանողների ջանքերով քաղաքացիների համար կազմվում են իրավական տարբեր փաստաթղթեր (դիմում, հայցադիմում, հայցադիմումի պատասխան, միջնորդություն, վերաքննիչ բողոք, վճռաբեկ բողոք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գանգատ և այլն) ՝ պետական, ոչ պետական մարմիններ և միջազգային կառույցներ ներկայացնելու համար: Իրավաբանական կլինիկան իրականացնում է իրավախորհրդատվություն երեք հիմնական ուղղություններով՝ քաղաքացիաիրավական, վարչական և քրեաիրավական:
Կլինիկան իր գործունեությունն իրականացնում է օրենսդրականության, անաչառության, գաղտնիության և կամավորության սկզբունքների հիման վրա և համագործակցում է նաև ՀՀ պետական և ոչ պետական մի շարք մարմինների ու միջազգային կառույցների հետ։