Սուրեն Օհանյան․ «Անհրաժեշտ է գնահատել նախանշած և անցած ուղին»
Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «Գլոբալ մարտահրավերները և կայուն զարգացումը» խորագրով ամենամյա ուսանողական գիտաժողովը, որին իրենց մասնակցությունն էին բերել ՀՀ և արտասահմանյան բուհերի բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բազմաթիվ ուսանողներ:
«Հետխորհրդային տարիներին հիմնադրված Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական ծրագրում առանձնահատուկ նշանակություն է տրվել բարձրորակ կրթական գործունեության իրականացմանը և միջազգայնացմանը: Նպատակայնորեն ճիշտ ընտրված այս երկու թիրախային ուղղություններով տարված աշխատանքները տվել են իրենց դրական արդյունքները: Հասարակության մեջ համալսարանը այսօր դասվում է ՀՀ բարձր վարկանիշ ունեցող, հավատ ներշնչող հաստատությունների շարքին:
Համալսարանի կայացման գործընթացը ուղեկցվել է նաև նոր մասնագիտական կրթական ծրագրերի ներդրմամբ:
Առավելապես, միջազգային շուկայի պահանջները նկատի ունենալով, ներդրվել է նաև «Ֆարմացիա» մասնագիտությունը: 2022 թվականին ԵՄՀ -ն ունեցել է առաջին շրջանավարտները, ովքեր առավելապես մեզ բարեկամ Իրաքի Հանրապետության քաղաքացիներ էին: Հատկապես միջազգային ուսանողների նկատմամբ ցուցաբերվել է հատուկ վերաբերմունք, արդյունքում գրեթե բոլորը պետական քննություններին ցուցաբերել են բարձր առաջադիմություն, այնուհետև ճնշող մեծամասնությունը մասնակցել է Իրաքի Հանրապետությունում սերտիֆիկացման քննություների և ստացել մասնագիտական աշխատանքի թույլտվություն:
Այսօր ուսանողի մասնագիտական, հետազոտական կարողությունների և հմտությունների զարգացումը համարվում է այն գլխավոր ծրագրային մեթոդական պահանջը, որը անհրաժեշտ է շրջանավարտներին ներկայանալու գործատուին որպես վերապատրաստված մասնագետներ: Համալսարանը այդ ծրագիրը լիովին իրականացնում է»,-ողջույնի խոսքում ընդգծեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:
Գիտական ղեկավար-ուսանող համատեղ հետազոտությունները ունեին մասնագիտական հետևյալ ուղղությունները․
- Իրավագիտություն
- Օտար լեզուներ, գրականություն
- Ընդհանուր և տարրական մանկավարժություն ու մեթոդիկա
- Լրագրություն
- Կառավարում
- Ֆինանսներ
- Տեղեկատվական համակարգեր
- Դեղագիտություն և դեղերի տեխնոլոգիա
Լավագույն երեք զեկույցները առաջիկայում կտպագրվեն «ԲԱՆԲԵՐ Եվրասիա Միջազգային համալսարանի» պարբերականում: