Էրազմուս+ ARMDOCT ծրագրի մասնակիցները այցելեցին Վիլնյուսի համալսարան

Էրազմուս+ ARMDOCT Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում մայիսի 3-5-ն ընկած ժամակահատվածում Վիլնյուսի համալսարանում կայացավ «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Վիլնյուսի համալսարանի փորձը» խորագրով աշխատաժողովը։ Վերջինիս մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ և ՀՀ գործընկեր բուհերի, հետազոտական ինստիտուտների ավելի քան 40 ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ։

Այցը թիրախավորում էր Զալցբուրգյան սկզբունքներից երեքը, մասնավորապես՝ դոկտորական ծրագրերի բազմազանության, նորարարական կառուցվածքների և շարժունության խթանումը։ Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան Վիլնյուսի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Արունաս Պովիլիունասը, ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Կարեն Քեռյանը և ARMDOCT ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը։

Ողջունելով մասնակիցներին, Արունաս Պովիլիունասը ընդգծեց դոկտորական կրթության բարեփոխումների և միջազգային համադրելիության ապահովման կարևորությունը՝ նշելով, որ այս գործընթացում ի դեմս Վիլնյուսի համալսարանի ARMDOCT ծրագիրն ունի հուսալի և պատրաստակամ գործընկեր. «Զալցբուրգյան սկզբունքներով խրախուսվում են Հայաստանում մեկնարկած բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները, ինչպես նաև սիներգիաների ապահովումը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ու Եվրոպական հետազոտական տարածքի միջև։ Ազգային մակարդակով արդեն իսկ իրականացված և նախատեսվող գործողություններն, անշուշտ, հանգեցնելու են զարգացման, դոկտորական ծրագրերի բազմազանության և նորարարական կառուցվածքների ներդրման, որոնցից մեկն էլ կարող է լինել դոկտորական դպրոցը»։

Կարեն Քեռյանի խոսքով՝ միջազգայնացման և գիտական աշխարհին համընթաց քայլելու համար Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ մակարդակի բարեփոխումներն այլընտրանք չունեն։ Վերջինս կարևորեց ARMDOCT ծրագրի, ինչպես նաև դոկտորական կրթության բարեփոխմանն ուղղված ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացված մյուս ծրագրերի դերը և հավելեց, որ ARMDOCT ծրագրի մեկնարկից ի վեր աշխատախմբի կողմից արդեն իսկ հսկայական աշխատանք է իրականացվել։ Անդրադառնալով դոկտորական կրթության առկա մարտահրավերներին Կ․ Քեռյանը մտահոգիչ է համարում Հայաստանում գիտնականների բարձր տարիքն ու այն փաստը, որ ասպիրանտուրան ավարտածների հիմնական մասը չի պաշտպանում ատենախոսությունները․ «Գիտնականների միջին տարիքը Հայաստանում բավականին բարձր է և սերնդափոխության հարցը հույժ կարևոր է ու արդիական, իսկ սերնդափոխության համար ակյունաքարային դեր են խաղում ասպիրանտները։ Այդ իսկ պատճառով հարկավոր է հնարավորինս գրավիչ դարձնել ասպիրանտ լինելը՝ թե բովանդակային, թե ֆինանսական տեսանկյունից։ Ասպիրանտներին տրվող կրթությունը պետք է պատրաստի նրանց վաղվա գիտնական ու դասախոս դառնալուն։ Ընդունելությունից մինչ ատենախոսության պաշտպանություն անհրաժեշտություն կա փոփոխություններ կատարելու, որակական նոր չափանիշներ դնելու և նոր հնարավորություններ ստեղծելու, որի արդյունքում կունենանք ավելի լավ պլանավորված հետազոտություն, պաշտպանողների բարձր տոկոս և բարձրորակ ատենախոսություններ», – նշեց ԲՈԿ նախագահը։

Արևիկ Օհանյանը ներկայացնելով ARMDOCT ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքների ընթացքը և ակնկալվող արդյունքները կարևորեց հետևյալը․ «Ըստ Զալցբուրգյան սկզբունքների, երրորդ աստիճանի կրթական ծրագրերի բազմազանությունն առանցքային առավելություն պետք է լինի (այդ թվում՝ համատեղ դոկտորական ծրագրերը, որոնք առաջարկում են, օրինակ, տարբեր երկրների երկու համալսարանները)։ Նորարար կառուցվածքների ներդրմամբ հնարավոր կլինի խթանել միջառարկայական ուսուցումը, փոխանցելի հմտությունների զարգացումը, ինչպես նաև աշխարհագրական, միջառարկայական, միջբնագավառային և միջազգային շարժունության հնարավորությունները՝ բուհերի, գիտական կազմակերպությունների և այլ գործընկերների կայուն համագործակցությամբ։ Մեր ուսումնասիրությունները ցույց ենք տալիս, որ ՀՀ-ում գործող երրորդ աստիճանի գրեթե բոլոր ծրագրերը թիրախավորում են մեկ ոլորտ, տարածված չէ միջդիսցիպլինար ծրագրերի փորձը, սահմանափակ են միջբուհական, բուհ-ԳԱԱ ինստիտուտներ, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն համագործակցությունները․ ARMDOCT ծրագրի շրջանակներում ոչ միայն վերոհիշյալ համագործակցությունների համար իրավական համապատասխան բազա կստեղծվի, այլ նաև օրինակելի դոկտորական ծրագրեր՝ կոնսորցիումի անդամների սերտ համագործակցությամբ»։ Ամփոփելով խոսքը Ա․ Օհանյանը հույս հայտնեց, որ ծրագրի շրջանակներում կստեղծվեն ապագամետ նոր դոկտորական ծրագրեր՝ գրավիչ նաև միջազգային ուսանողների համար։

Լիտվայի կառավարության, Եվրոպական համալսարանների ներկայացուցիչների և ՀՀ ԲՈԿ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ նպատակ հետապնդելով բացահայտել դոկտորական կրթության կազմակերպման լավագույն փորձը, վերջինս տեղայնացնել հայաստանյան բուհերում, ինչպես նաև իրականացնել բարեփոխումներ ազգային և ինստիտուցիոնալ մակարդակներում:

Այցի շրջանակներում, մասնակիցների համար կազմակերպվել էին շրջայցեր, փորձի փոխանակման հանդիպումներ Վիլնյուսի համալսարանի դոկտորական դպրոցներում և այլ կառուցվածքային միավորներում (ինկուբատորներ, գրադարաններ, հետազոտական կենտրոններ, լաբորատորիաներ և այլն)։

Նշենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի համակարգմամբ ծրագրի անդամ 15 հաստատությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն, 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համախմբվել են՝ բարեփոխելու Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ աստիճանը և վերամշակելու ազգային քաղաքականությունը, իրավական կարգավորող փաստաթղթերը, ինստիտուցիոնալ ընթացակարգերը։ ARMDOCT նախագիծը Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությունն է, որի հիմքում ընկած է Էրազմուս+ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայանացումը» (C3QA) նախագծի փորձը և հիմնական արդյունքները։

 

Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում կայացավ Էրազմուս+ Armdoct ծրագրի աշխատաժողովը Եվրասիա միջազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ, օրերս Էրազմուս+

Կայացավ «Էրազմուս+ Տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շարքի առաջին միջոցառումը Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը ս/թ նոյեմբերի 17-ին իրականացրեց «Էրազմուս+ Տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շարքի առաջին և

Բուհերում ստեղծվել են դոկտորական կրթության դպրոցներ և արդյունաբերական նոր ծրագրեր Կայացավ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ «Դոկտորական կրթութ­յան բարեփոխումը Հայաստա­նում՝ ակա­դե­միա­կան համայնքի, արդյունաբերության պա­հանջ­ներին և ԵՄ