Ծաղկաձորում անցկացված «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող եռօրյա աշխատաժողովին բազմաթիվ պաշտոնատար անձանց, բուհերի ռեկտորների հետ միասին մասնակցում էր նաև ԵՄՀ ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը և ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը, կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը։
ARMDOCT ծրագիրը համակարգում է Եվրասիա միջազգային համալսարանը՝ ԵՄՀ հետազոտական Ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանի գլխավորությամբ, ով եռօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացրեց մինչ օրս ազգային հայեցակարգի մշակման ընթացիկ աշխատանքները, ակնկալվող արդյունքներն ու նախատեսվող բարեփոխումները։
«Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով աշխատաժողովին ԵՄՀ ղեկավար կազմը հանդես եկավ բազմաթիվ առաջարկներով, որոնք կնպաստեն բարելավվել հայեցակարգային դրույթները և միտված կլինեն ասպիրանտական կրթության ընդունելության չափանիշների փոփոխություններին։
Նշենք, որ ARMDOCT ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում՝ 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատություններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ ARMDOCT ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։