«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս + Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում կկայանա եռօրյա աշխատաժողով։
Աշխատաժողովի մասնակիցներին կողջունի Կրթության, գիտության, Մշակույթի և սպորտի Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը՝ ներկայացնելով նաև ԿԳՄՍ տեսլականը բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխման վերաբերյալ։
Աշխատաժողովի առաջին օրվա ընթացքում ծրագրի ԵՄ գործընկերները կներկայացնեն դոկտորական կրթության միջազգայնացման փորձը Լիտվայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի օրինակով։ Աշխատաժողովի ընթացքում ծրագրի անդամները՝ ՀՀ 8 բարձրագույն ուսումնական հաստատությունների և 2 գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ, կներկայացնեն ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում ձևավորված դոկտորական կրթության բարեփոխման առաջարկները և հայեցակարգային լուծումները։
Ներկայացված առաջարկները կքննարկվեն առանձին աշխատանքային խմբերում՝ հստակեցնելով Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ։
Նշենք, որ մշակվող հայեցակարգի հիման վրա ծրագրի շրջանակներում կվերանայվեն նաև հետբուհական կրթության կազմակերպման ազգային իրավական կարգավորող փաստաթղթերը, որի հիման վրա կվերանայվեն ինստիտուցիոնալ ընթացակարգերը և պիլոտային տարբերակով կգործարկվեն դոկտորական դպրոցներ։
Աշխատաժողովը կամփոփվի Համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումների շարքով, որին մասնակցություն կունենա նաև ՀՀ Էկոնոմիակյի նախարար Վահան Քերոբյանը։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն բուհերի, գիտական կազմակերպությունների, պետության եւ մասնավոր հատվածի կազմակերպությունների միջեւ սոցիալական գործընկերության խթանման, համագործակցության խորացման և տնտեսության պահանջներին համահունչ դոկտորական ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Աշխատաժողովը կկայանա հիբրիդ ձևաչափով՝ ԵՄ համագործակիցների առցանց և ՀՀ համագործակիցների դեմ առ դեմ մասնակցությամբ։