Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա աշխատաժողովը։
«Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով աշխատաժողովի առաջին օրվա մեկնարկն ազդարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով ներկայացրեց նաև ԿԳՄՍ տեսլականը բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխման վերաբերյալ՝ նշելով, որ-«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք բարձրագույն կրթության համակարգում ընդգրկելով որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PhD):
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան կարևորեց դոկտորական կրթության բարեփոխմանն ուղղված ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացված բոլոր ծրագրերի դերը և համագործակիցների սերտ համագործակցությունը՝ ապահովելու առավել մեծ ազգային ազդեցություն։
Աշխատաժողովի առաջին օրը ծրագրի ԵՄ գործընկերները ներկայացրել են դոկտորական կրթության միջազգայնացման փորձը Լիտվայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի օրինակով։ Ծրագրի անդամները՝ ՀՀ 8 բարձրագույն ուսումնական հաստատությունների և 2 գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ, ներկայացրել են ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում ձևավորվել են դոկտորական կրթության բարեփոխման առաջարկները և հայեցակարգային լուծումները։ Ներկայացված առաջարկները քննարկվել են առանձին աշխատանքային խմբերում՝ հստակեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ։
Մշակվող հայեցակարգի հիման վրա ծրագրի շրջանակում կվերանայվեն նաև հետբուհական կրթության կազմակերպման իրավական փաստաթղթերը, որոնց հիման վրա էլ իրենց հերթին կվերանայվեն ինստիտուցիոնալ ընթացակարգերը, և պիլոտային տարբերակով կգործարկվեն դոկտորական դպրոցներ։ Աշխատաժողովը կամփոփվի համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումների շարքով։
Նշենք, որ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն կգործի մինչև 2023 թվականը: ARMDOCT ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագրի նպատակներից է նաև խթանել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմանը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում են բուհերի և ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, ԿԳՄՍ ռազմավարական, ենթակառուցվածքային և մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացում, իրավական փաստաթղթերի մշակում, դոկտորական կրթության կազմակերպման ձեռնարկի մշակում, ինչպես նաև դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների ու արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։ Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում՝ 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատություններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։