Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է ՀՀ գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ։
2008 թ․-ից ցայսօր Գիրք նվիրելու օրը նշվում է յուրաքանչյուր տարի:
Այս օրը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Օրը պատահմամբ չէ ընտրված. գրքի նկատմամբ Թումանյանի վիթխարի սիրո ապացույցն էր 10000 միավոր գրականություն կազմող նրա անձնական գրադարանը, որից այսօր պահպանվել է 8000 գիրք:
Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։ Օրվա տոնական ավանդույթներից է մտերիմ մարդուն որևէ հետաքրքիր գիրք նվիրելը։
Այս կապակցությամբ ԵՄՀ գրադարանը, երկրորդ տարին անընդմեջ, կազմակերպեց «Անակնկալ գիրք նվեր» խաղ- միջոցառումը, որին ակտիվ ներգրավվեցին համալսարանի և Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի աշխատակիցները, դասախոսները, ուսուցիչները, ուսանողները, աշակերտները։
Տոնին ընդառաջ՝ վիճակահանությամբ մասնակիցներից յուրաքանչյուրը պատահականության սկզբունքով ընտրած անձին, առանց բացահայտելու, փետրվարի 19-ին նվիրեց իր ցանկությամբ որևէ գիրք:
Ընթերցասերները մեծ հուզմունքով էին միմյանց նվիրում անակնկալ գրքերը՝ մինչ այդ երկար ժամանակ գուշակելով անակնկալի տիրոջ հետաքրքրությունները: