2019 թ․ հունիսի 22-ին ավարտվեց Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպված «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» խորագրով երկօրյա միջազգային ուսանողական գիտաժողովը։ Ավելի քան ութսուն երիտասարդ գիտնականներ և երեսուն բանախոս ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից, Ռուսաստանի Դաշնությունից առաջարկեցին համաշխարհային անվտանգությանն ուղղված նորարարական մոտեցումներ։ Ամենամյա երրորդ միջազգային գիտաժողովը այս տարի ևս միավորեց բանախոսների և մասնակիցների տարբեր խմբերի՝ ի դեմս առաջատար գիտնականների, հայտնի քաղաքական վերլուծաբանների, քաղաքականություն մշակողների և քաղաքական գործիչների, որոնք երկու օրերի ընթացքում, ինտերակտիվ հանդիպումներով ապահովեցին ակադեմիական աշխարհի և քաղաքականության կապը։
Երրորդ գիտաժողովը նշանակալից էր, քանի որ համընկավ նաև «Թավշյա հեղափոխության» հետ՝ ապահովելով թեմային վերաբերող առանձնահատուկ զեկույցների շարք, որոնք ներկայացվեցին Երևանի պետական համալսարանի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոսների կողմից։ Ավելին, ՀՀ խորհրդարանի անդամները, այդ թվում Մարիա Կարապետյանը և Միքայել Զոլյանը, ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը և այլոք համախմբվեցին «Հայաստանի թավշյա հեղափոխությունը համաշխարհային ժողովրդավարության անկման համատեքստում» թեմայով քննարկման շուրջ։ Առաջին օրը մասնակիցների հետ հանդիպեց և ելույթ ունեցավ նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը։
Հատուկ կարևորելով գործնական զեկույցները՝ գիտաժողովի յուրաքանչյուր օրը ներառեց մասնագիտությունների զարգացման կարևորագույն երկու կլոր սեղան-քննարկումներ․ առաջինը նվիրված էր քաղականության մշակմանը և հանրայնացմանը, երկրորդը՝ գրավոր խոսքի զարգացմանը, որը վարեց ԱՄՆ Սթոնհիլ համալսարանի պրոֆեսոր Թոդ Գերնեսը։
Այս գիտաժողովը նաև հնարավորություն տվեց ուսանողներին զարգացնելու և ամրապնդելու իրենց հետազոտական հմտությունները, ինչպես նաեւ արդյունավետ ուսուցման, քաղաքականության մշակման և հանրային ներկայացման ոլորտներում զարգացնել ջատագովության հմտությունները եւ մասնագիտական զարգացման հնարավորություններ:
Հավելենք, որ հայաստանյան համալսարանների, ԱՄՆ-ի Սթոնհիլ համալսարանի մի խումբ ուսանողներ ներկայացրին տպավորիչ զեկույցներ տարբեր թեմաներով․ այդ թվում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, կոռուպցիան և բռնությունը, մարդկանց թրաֆիքինգը, կլիմայի փոփոխության անվտանգության հիմնախնդիրները, գենդերային հարցերը և կապը խաղաղության հետ, ինչպես նաև սիրիացի փախստականներին ուղղված մարտահրավերները: