Կարևորելով գիտակրթական կլաստերի կազմավորմանը միտված գործակցային հարաբերությունների ընդլայնումը՝ Եվրասիա միջազգային համալսարանը և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Հուշագրի ստորագրումից հետո կողմերը շնորհավորեցին միմյանց՝ պայմանավորվածություն ձեռք բերելով ներդնել առկա ներուժը փոխգործակցությունը խորացնելու և աշխատանքների արդյունավետ ընթացքն ապահովելու համար: Այսուհետ ԵՄՀ ուսանողները հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնելու բյուրոյում, մասնակցելու վարպետության դասերին: Համագործակցությունը հնարավորություն կտա նաև դասերն անցկացնել տեղում՝ մեկտեղելով տեսականը գործնականի հետ:
Հուշագրի շրջանակում կողմերը կձևավորեն աշխատանքային խմբեր, որոնք կհամակարգեն համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում համապատասխան խորհրդատվության իրականացումը, փորձի փոխանակումը, գիտական տարբեր միջոցառումների կազմակերպումը և այլն:
Հանդիպման ընթացքում ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանը քննարկեցին երկու կազմակերպությունների միջև փոխգործակցության ծավալման առկա հնարավորությունները:
Հանդիպումն ամփոփվեց ճանաչողական շրջայցով, որի ընթացքում ԵՄՀ ներկայացուցիչները ծանոթացան Փորձաքննությունների ազգային բյուրոյի կառուցվածքին, հիմնական գործառույթներին և փորձագիտական բնագավառի տարբեր ոլորտներում հետազոտությունների իրականացման հնարավորություններին: