Սիրելի՛ Եվրասիականներ,
Համավարակի մարմանը մենք բավականին երկար սպասեցինք, այնքան երկար, որ մի նոր համավարակ էլ է ճանապարհ ընկել։ Կարող ենք համոզված նախապատրաստվել նաև մի երրորդ համավարակի և այսպես շարունակ մնալ անորոշության մեջ։ Իհարկե, չի կարելի ենթադրել համավարակ արտադրող ինչ-որ կենտրոնի՝ ֆաբրիկայի գոյության մասին, բայց քանի որ գլոբալ էկոլոգիական իրադրության մեջ բացասական հետևանքների թույլատրելիության սահմանի հատում է տեղի ունեցել, նշանակում է` համանման համաճարակները, անշուշտ միայն տարբեր անուններով, կարող են պարբերական բնույթ կրել։ Հետևաբար, անթույլատրելի է այսպես կուրորեն գնալ համաճարակի հետևից և ենթարկվել նրա քմահաճույքներին։
Եթե սթափ գնահատենք նրա հետևանքները, ապա կարող ենք փաստել, որ նեգատիվ ազդեցությունը անչափելի վնաս է պատճառում ուղղակի տնտեսության բոլոր ոլորտներում և հատկապես կրթության համակարգում՝ անուղղակիորեն վնասներ պատճառելով հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր բնագավառներում։ Այնպես որ, կրթական համակարգի վրա համավարակի թողած ազդեցությունը համակարգային և անդառնալի հետևանքներ կարող է ունենալ, եթե այսուհետ շարունակենք միայն հեռավար ուսուցում իրականցնել (նույնիսկ այդ նպատակի համար հատուկ ներդրված հեռավար համակարգի արդյունավետ գործարկման պայմաններում)։ Ավելին, կան մասնագիտություններ, որոնք այնքան յուրահատուկ են, որ առկա և հեռավար կամ հիբրիդ համակարգով ուսուցումը ծրագրային պահանջներով անհարժեշտ արդյունքներ չի ապահովում, առկա ուսուցումը պարզապես պարտադիր է (դա ակնառու արտահայտվում է բժշկական մասնագիտությունների գծով)։ Բարձր արդյունավետությամբ ուսուցում կազմակերպելու համար անցումը առկա ուսուցման դառնում է անհրաժեշտություն, եթե, իհարկե, կարողանում ենք խստորեն պահպանել համավարակից պաշտպանվելու բոլոր կանոնները։
Այդ տեսակետից Եվրասիա միջազգային համալսարանը առանձնանում է բացառիկ բարենպաստ պայմաններով․ մեկ ուսանողի հաշվով 5-8 քմ լսարանային և լաբորատոր տարածքներով, անհատական սեղաններով, ընդարձակ (մինչև 5մ) միջանցքներով և լայնարձակ հանգստյան գոտիներով ապահովվածությունը՝ հակահամավարակային կանոնների խստագույնս պահպանման դեպքում, լիարժեք հնարավորություններ են ստեղծում անցնել առկա ուսուցման։ Ընդ որում, ներդրված է նաև ուսուցման հիբրիդ համակարգ՝ վարակված ուսանողների ուսուցումը կազմակերպելու համար։
Մեր կարծիքով կառավարության վեց ամիս տևողությամբ ևս առկա ուսուման հետաձգումը բոլոր առումներով հիմնավոր չէ, հապճեպ է, մանավանդ նկատելիորեն համավարակը նահանջում է, և առաջիկայում սպասվում է հակահամավարակային դեղամիջոցից օգտվելու հնարավորություն։
Անհրաժեշտություն է առաջացել պահպանել այսօրվա ուսուցման բարձր արդյունավետությունը և համալսարանի մրցունակությունն ու վարկանիշը։ Համոզված եմ, որ հաշվարկներ չեն կատարվել լրիվ կամ մասնակի՝ ըստ ոլորտների «լոկդաուն»-ի կործանարար հետևանքները։ Այս խնդրի նկատմամբ աշխարհով մեկ դեռևս միանշանակ որոշում չկա, հետևաբար միանգամայն օրինաչափ է մեր պայմաններում 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակը սկսել առկա՝ դեմ առ դեմ ուսուցման համակարգով։
Մինչև գիտական խորհրդում հարցի քննարկումը՝ ակնկալում ենք ուսանողների և դասախոսների կարծիքը վերոնշյալ հարցի վերաբերյալ:
ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր,
պրոֆեսոր ՍՈՒՐԵՆ ՕՀԱՆՅԱՆ