Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները քննարկման առանցքում

Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց  «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի,  արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա աշխատաժողովը։

«Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով աշխատաժողովի առաջին օրվա մեկնարկն ազդարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով ներկայացրեց նաև ԿԳՄՍ տեսլականը բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխման վերաբերյալ՝ նշելով, որ-«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք բարձրագույն կրթության համակարգում ընդգրկելով որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PhD):

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան կարևորեց դոկտորական կրթության բարեփոխմանն ուղղված ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացված բոլոր ծրագրերի դերը և համագործակիցների սերտ համագործակցությունը՝ ապահովելու առավել մեծ ազգային ազդեցություն։

Աշխատաժողովի առաջին օրը ծրագրի ԵՄ գործընկերները ներկայացրել են դոկտորական կրթության միջազգայնացման փորձը Լիտվայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի օրինակով։ Ծրագրի անդամները՝ ՀՀ 8 բարձրագույն ուսումնական հաստատությունների և 2 գիտահետազոտական ինստի­տուտների ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ, ներկայացրել են ծրագրի ընթացքում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում ձևավորվել են դոկտորական կրթության բարեփոխման առաջարկները և հայեցակարգային լուծումները։ Ներկայացված առաջարկները քննարկվել են առանձին աշխատանքային խմբերում՝ հստա­կեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ։

Մշակվող հայեցակարգի հիման վրա ծրագրի շրջանակում կվերանայվեն նաև հետբուհական կրթության կազմակերպման իրավական փաստա­թղթերը, որոնց հիման վրա էլ իրենց հերթին կվերանայվեն ինստիտուցիոնալ ընթացակարգերը, և պիլոտային տարբերակով կգործարկվեն դոկտորական դպրոցներ։ Աշխատաժողովը կամփոփվի համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումների շարքով։

Նշենք, որ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն կգործի մինչև 2023 թվականը: ARMDOCT ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագրի նպատակներից է նաև խթանել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմա­նը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են բուհերի և ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, ԿԳՄՍ ռազմավարական, ենթա­կառուց­ված­քա­յին և մար­դկային ռեսուրսների կարողությունների զարգացում, իրավական փաստաթղթերի մշակում, դոկտորական կրթության կազմա­կերպ­ման ձեռ­նարկի մշակում, ինչպես նաև դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների ու արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։ Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում՝ 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստա­տութ­յուններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպոր­տի նախարարությունը։

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին

ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ