«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում այսօր կայացավ «Համագործակցային դոկտորական կրթություն․ լավագույն փորձի բացահայտում և ապագայի պլանավորում» աշխատաժողովը։
Մասնակիցներին ողջունեց և ելույթ ունեցավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Վերջինիս համոզմամբ՝ գիտությունը Հայաստանի Հանրապետության համար որևէ այլընտրանք չունի, քան զարգացումը՝ հենվելով տեխնոլոգիական առաջընթացի վրա: «Ակնհայտ է, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք բարձրարժեք արդյունք ստեղծել Հայաստանում և, որպես փոքր երկիր, կկարողանանք ուժեղ տնտեսություն ունենալ, ինչպիսիք օրինակ Իսրայելինն է, Շվեյցարիայինը և այն: Իմ պաշտոնավարման երեք ամիսների ընթացքում, երբ հերթական համագործակցությունը պետք է կայանար Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ասպիրանտական տեղերի պետպատվերի հատկացման նպատակով, մենք վերանայեցինք մոտեցումը. առաջարկեցինք բիզնեսին ներկայացնել ծրագրեր, որոնք պետք է հետազոտվեն, և արդեն իսկ կատարել ենք ընտրություն: Կարծում ենք՝ մեզ սպասվում են շարունակական և սերտ համագործակցություններ: Ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք»:
Առանձին աշխատանքային քննարկման ընթացքում գիտություն-տնտեսություն կապի խթանման գործիքների վերաբերյալ հետազոտության արդյունքները ծրագրի անդամները ներկայացրին նախարարին և Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին՝ նշելով առկա խնդիրները և բարելավման հնարավորությունները։ Պայմանավորվածություն ձեռքբերվեց Էկոնոմիկայի նախարարին կից ստեղծել գիտական խորհուրդ, որը կմշակի գիտություն-տնտեսություն կապի ապահովման ճանապարհային քարտեզ այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ։
Բուհերի ներկայացուցիչները հրատապ լուծման ենթակա խնդիրների շարքում ներկայացրին գիտական հետազոտությունների համար ձեռքբերվող սարքավորումների և նյութերի հարկման խնդիրները՝ կարևորելով հարկային խթանների տրամադրումը (այդ թվում ավելացված արժեքի հարկից ազատումը), ինչն էապես կխթանի ոլորտում ներդրումները և գործընթացի արդյունավետության բարձրացումը։ Առաջարկվեց նաև որոշակի գիտական բնագավառում գիտական կադր պատրաստելու համար շահագրգռված և համատեղ հետազոտոթյուններ իրականացնող կազմակերպություններին պետության կողմից ֆինանսապես խրախուսման մեխանիզմներ գործարկել, այդ թվում նաև հարկային արտոնություններ։ Կարևորելով առաջարկները՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ խնդիրն առավել մանրամասն կուսումնասիրվի և համապատասխան նախագիծ առաջիկայում կշրջանառվի։
Նախարարը պատրաստակամություն հայտնեց նաև ներգրավելու ռեսուրսներ և ֆինանսական աջակցություն տրամադրելու ակադեմիական «սփին-օֆ»-ներին։ Իրազեկության բարձրացման և տեղեկատվության տարածման, գիտնականների և գործարար ոլորտի համագործակցությունը խթանելու նպատակով նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում ARMDOCT ծրագրի աշխատանքային խմբի հետ համատեղ կազմակերպել համաժողով։
Աշխատաժողովին ներկա էր նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ով մատնանշեց բուհերի հավատարմագրման ընթացքում բացահայտված հիմնական խնդիրներից կիրառելի գիտելիքի պակասը։ Նա համոզմունք հայտնեց, որ այս ծրագիրը բավականին լուծումներ կտա՝ դոկտորական դպրոցներ ստեղծելով, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն կապի ապահովման միջոցով։ Նա կարևորեց նաև դոկտորական կրթության և մագիստրոսական կրթության հետ կապի ապահովումը:
Աշխատաժողովի ընթացքում բուհերի և սոցիալական այլ գործընկերների կողմից ներկայացվեցին համագործակցային դոկտորական ծրագրերի, բուհ-արդյունաբերություն համատեղ իրականացվող հետազոտական ծրագրերի օրինակներ։ Աշխատաժողովն ամփոփվեց համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումներով։
ARMDOCT Ծրագրի մասին
ARMDOCT ծրագրի նպատակն է Զալցբուրգյան սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագրի նպատակներից է խթանել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմանը։
Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում՝ 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատություններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Ծրագրի պաշտոնական կայքէջն է․ www.armdoct.com