ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան Ռաֆիկ Պետրոսյան
—————————————————————————
Խնդրում ենք նշել երեք պատճառ, թե ինչու՞ եք աշխատում ԵՄՀ-ում
Ա) Ունենալով բուհական աշխատանքի երկարատև փորձ՝ ես խորապես համոզվել եմ, որ դասախոսի աշխատանքն արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ բուհի վարչակազմի և աշխատակազմի միջև ստեղծված է խստապահանջ, բայց և միաժամանակ՝ բարյացկամ ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված, ստեղծագործական ու հաճելի աշխատանքային մթնոլորտ։
Հենց այդպիսին է ԵՄՀ բազմահմուտ, կրթական, ուսումնական և դաստիարակչական գործընթացների լավագույն կազմակերպիչ ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի, նրա ղեկավարած համալսարանական օղակների ղեկավարների՝ մեկ կողմից և այդ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի՝ մյուս կողմից, փոխհարաբերությունները, ուսանողության նկատմամբ ցուցաբերվող հարգանքն ու հոգատարությունը։ Իմ կարծիքով սա է ԵՄՀ՝ որպես ՀՀ առաջատար բուհերից մեկի հաջողության գաղտնիքը։
Բ) Ուսուցումը լավագույնս կազմակերպելու համար նախևառաջ բուհին անհրաժեշտ է ունենալ ուսումնական և մարմնակրթական, հետազոտական աշխատանքների կատարման նյութատեխնիկական բազա, առաջին հերթին՝ համակարգչային լսարաններ, բացարձակ և ժամանակակից մասնագիտական գրականությամբ հագեցած գրադարան, լսարանային և լաբորատոր տարածքներ։ ԵՄՀ-ն ունի բացառիկ բարենպաստ պայմաններ․ յուրաքանչյուր ուսանողին հասնում է 8 քմ տարածք, անհատական սեղան, համակարգիչ։ Բուհն ունի լայնարձակ միջանցքներ, ներքին հանգստյան համար կահավորված գոտիներ, ֆիզկուլտ դահլիճներ, բուժական կենտրոն, հյուրատներ և այլն։ Մի խոսքով, այստեղ առկա են բոլոր օբյեկտիվ և սյուբեկտիվ պայմանները սովորելու և ժամանակակից մասնագետ դառնալու համար։
Գ) ԵՄՀ-ն բազմաթիվ միջազգային ծրագրերի մասնակից է, պայմանագրային հարաբերությունների մեջ է գտնվում եվրոպական և հետխորհրդային տարածքների մի շարք բուհերի հետ՝ դասախոսների և ուսանողների փոխանակման, այդ թվում երկարատև գործուղումների և վերապատրաստումների ասպարեզում։ Ուստի և այստեղ բարձր պահանջներ են դրված լեզուների (իսպաներենի, անգլերենի) ուսուցման հարցում․ անց են կացվում լրացուցիչ դասընթացներ այդ լեզուների ուսուցման համար։
ԵՄՀ-ն որպես ՀՀ առաջատար բուհերից մեկը լիազորված է հանրապետության մնացած բոլոր բուհերի միջև միջազգային օժանդակության (ֆինանսավորման) հարցում։
Հենց միայն թվարկվածներն էլ բավական են ԵՄՀ-ում որպես առաջատար բուհում աշխատելու ցանկության համար։ Մանավանդ որ կարիքավոր ուսանողներն այստեղ օգտվում են օրենքով նախատեսված, նաև չնախատեսված արտոնություններից, որն իր հերթին ընկալունակ հարաբերություններ է առաջացնում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության միջև։
Ի՞նչ խորհուրդ կտաք դիմորդին մասնագիտություն ընտրելիս, ինչպե՞ս կողմնորոշվել:
Առաջին հերթին՝ մասնագիտություն ընտրել ըստ նախասիրության և ոչ թե ծնողների պահանջով։ Իրավագիտության պարագայում կառաջարկեի մագիստրատուրայում ընտրել քաղաքացիաիրավական մասնագիտացումը, որովհետև այդ մասնագիտացմամբ են կարգավորվում իրավահարաբերությունների շուրջ 75 տոկոսը, որոնց կարգավորումը գերազանցապես կախված է գործարարության (բիզնեսի) հետ։
Ի՞նչ խորհուրդ եք սովորաբար տալիս Ձեր ուսանողներին՝ ապագա հաջողակ կարիերա կառուցելու համար։
Բացի բուն մասնագիտությունից (իրավագիտությունից) մեր ուսանողները պարտադիր կարգով պետք է ձեռք բերեն նաև համակարգչային գիտելիքներ և օտար լեզվի (հատկապես՝ անգլերենի) հմտություն, որովհետև առանց նշվածների ժամանակակից մասնագետը չի կարող լայնամասշտաբ գործել ոչ երկրի ներսում և ոչ էլ արտասահմանում կամ կատարել հետազոտական աշխատանք՝ օգտվելով օտար լեզվի իմացությունից։