Կայացավ քաղաքաիրավական ոլորտում բիզնես հմտությունների զարգացման «Ամառային դպրոց 2019» նախագիծը
Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնը «Պատանի իրավաբանի» և «Պատանի դիվանագետի» դասընթացների 2018-2019 ուստարվա շրջանավարտների, ինչպես նաև տարբեր դպրոցների աշակերտների և ուսանողների համար կազմակերպեց քաղաքաիրավական ոլորտում բիզնես հմտությունների զարգացման «Ամառային դպրոց 2019»-ը։ Մեկ ամիս տևողությամբ ամառային դպրոցի նպատակն էր ուսուցանել քաղաքաիրավական ոլորտի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ և զարգացնել ձեռնարկատիրական հմտություններ։ Բիզնես իրավունք, բիզնես քաղաքականություն, բիզնես անգլերեն ծրագրային ոլորտների շրջանակներում կազմակերպված դասընթացներին մասնակիցները ձեռք բերեցին բիզնես բանակցությունների, մասնագիտական խոսքի կառուցման, ինքնաներկայացման և այլ հմտություններ, ստացան նախնական գիտելիքներ սեփական ընկերությունը ստեղծելու և վարելու, բրենդի մշակման և գրանցման վերաբերյալ, ծանոթացան տարածաշրջանային և ՀՀ բիզնես ծրագրերին, ուսումնասիրեցին հայկական սփյուռքի դերը ՀՀ քաղաքականության մեջ։