Կրթաթոշակ
Եվրասիա միջազգային համալսարանում կրթության համար ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակները շատ են: Հասանելի կրթությունը մեր ուսանողների իրական հաջողությունների սկիզբն է:
Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները օգտվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված բոլոր արտոնություններից ու զեղչերից՝ կախված սոցիալական վիճակից, կարգավիճակից և այլ չափանիշներից:
Բացի այդ, համալսարանը սահմանել է նաև լրացուցիչ կրթաթոշակներ և այլ արտոնություններ՝ գերազանց և լավ առաջադիմություն ցուցաբերած (բարձր ՄՈԳ ունեցող), պատշաճ վարքագիծ դրսևորած ուսանողներին:
Ուսման վարձավճարի ամբողջական փոխհատուցում տրվում է բակալավրիատի ուսանողների 5%-ին, ովքեր ունեն ամենաբարձր ՄՈԳ-ը և մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ ուսանողների 3%-ին: Երկու դեպքում էլ նվազագույն ՄՈԳ-ը սահմանվում է 3.5 միավոր: Ամբողջական փոխհատուցում ստանալու դեպքում ուսանողի ուսման վարձավճարն ամբողջությամբ փոխհատուցվում է համալսարանի կողմից: Տվյալ հնարավորությունից ուսանողները կարող են օգտվել ուսումնառության 2-րդ կիսամյակից (առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա) մինչև ուսումնառության յոթերորդ կիսամյակ (բակալավրիատի դեպքում): Բակալավրիատի ավարտական կուրսում /յոթերորդ և ութերորդ կիսամյակներում/ ուսանողներին կրթաթոշակ չի տրամադրվում:
Կրթաթոշակի մասին որոշումները հայտարարվում են յուրաքանչյուր կիսամյակի սկզբում և ուժի մեջ են մինչև այդ կիսամյակի ավարտը:
Քայլեր
Ֆինանսական աջակցություն ստանալու քայլերը
01.Դիմում հայտ
Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին Ուսումնական հարցերի գրասենյակը հայտարարում է կրթաթոշակների դիմումների ընդունման մասին: Ուսանողն իր գրավոր կամ առցանց դիմում-հայտը ներկայացնում է ըստ համապատասխան ժամկետների:
02.Դիտարկում
Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորը՝ առաջնորդվելով առաջադիմության ցուցակներով մեթոդական խորհրդի երաշխավորությամբ ԵՄՀ Գիտական խորհրդին ներկայացնում է առաջարկություն կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ։
03.Որոշում
Կրթաթոշակների չափը` ըստ մասնագիտությունների և պարգևատրվող ուսանողների թիվը որոշում է Գիտական խորհուրդը և հաստատում այդ ցանկը։