Պատմություն

Եվրասիա միջազգային համալսարանը հիմնադրվել է 1996 թվականին։ Իր հիմնադրումից ի վեր այսօր արդեն Եվրասիա միջազգային համալսարանը ներկայանում է որպես դինամիկ զարգացող, ուսանողների զգալի համակազմ ունեցող, կրթության որակը և նորարարությունը արժևորող հանրապետությունում հայտնի կրթագիտական հաստատություն։ 

25+

տարվա պատմություն և կրթություն

Ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) ավելի քան 25 տարվա պատմություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն է։ Շուրջ քառորդ դար պատմության ընթացքում համալսարանն անցել է զարգացման մի քանի փուլեր։ Առաջին փուլը (1997-2005) կարելի է անվանել հիմնադրման և կայացման, երբ համալսարանը ստացավ առաջին լիցենզիաները և 2002 թ. անցավ առաջին պետական հավատարմագրման (անժամկետ) գործընթաց։

Համալսարանը այդ փուլը հաջողությամբ հաղթահարեց և երկրորդ փուլը՝ 2005-2015 թթ․, արդեն իսկ մեկնարկեց իր սեփական մասնաշենքում։ 2005 թ.-ից համալսարանն անցում կատարեց կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի (ECTS) և այնուհետև աշխատեց Բոլոնիայի գործողությունների ծրագրով: Այդ փուլը նշանավորվեց նաև նրանով, որ համալսարանը հաղթահարեց մի կարևորագույն հանգրվան՝ ստացավ ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ ՀՀ Կառավարության 30․06.2011 թ. N 959-Ն «ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները հաստատելու մասին» որոշմամբ նախատեսված կարգով։ Այդ փուլում համալսարանը իրականացրեց առաջին վստահ քայլերը միջազգայնացման ուղղությամբ, իրականացվեցին փոխանակման ծրագրեր։ ԵՄՀ-ում բացվեց բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագիր՝ ասպիրանտուրա (կառավարման, իրավագիտության և օտար լեզուների ամբիոններում)։

2013 թ.-ից համալսարանն առաջարկում է գիտությունների թեկնածուի  գիտական աստիճանի ծրագրեր «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» (Ը.00.02), «Ռոմանագերմանական լեզուներ» (Ժ.02.07) և «Հանրային իրավունք (սահմանադրական, վարչական, ֆինանսական, տեղական ինքնակառավարման, բնապահպանական, եվրոպական իրավունք և պետական կառավարում)» (ԺԲ.00.02) մասնագիտություններով:

2015 թ․ հավատարմագրմանը հաջորդող ժամանակաշրջանից մինչ օրս կարող ենք պայմանականորեն անվանել համալսարանի զարգացման երրորդ շրջափուլ, երբ մեկնարկեց ի հայտ եկած խնդիրների լուծմանն ուղղված բարեփոխումների ծրագիրը։ Արդյունքում նախանշվեց հետազոտական ենթակառուցվածքների զարգացման մեկնարկը, առավել հստակեցվեց կառավարման համակարգը, ուրվագծվեցին համալսարանի առաքելության և տեսլականի ներկա հիմնական շրջանակները, արագացված տեմպերով իրականացվեցին միջազգայնացման գործընթացները։ 2018 թ․ համալսարանը արդեն ստացավ ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ մեկը հանրապետության երեք մասնավոր համալսարաններից (ավելի քան 25-ից), որը ստացել է 4 տարվա ինստիտուցիոնալ հավատարմագրում։

Ներկայումս ԵՄՀ-ն կրթական հնարավորություններ է ապահովում Հայաստանի Հանրապետության Որակավորումների ազգային շրջանակի VI` բակալավր, VII` մագիստրոս, VIII` հետազոտող (գիտական աստիճանը` գիտությունների թեկնածու) աստիճաններում: Համալսարանի հիմնական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերն են՝ «Կառավարում», «Իրավագիտություն», «Օտար լեզուներ», «Ֆարմացիա», «Տեղեկատվական համակարգեր», «Լրագրություն», «Տարրական մանկավարժություն» և «Ֆինանսներ»: Մագիստրոսական  աստիճանը ներառում է «Սահմանադրական իրավունք», «Քաղաքացիական իրավունք և դատավարություն», «Քրեական իրավունք և դատավարություն», «Միջազգային և եվրոպական իրավունք», «Կառավարում», «Նախագծերի կառավարում», «Էլեկտրոնային բիզնեսի կառավարում», «Հյուրընկալության կառավարում», «Անգլերեն լեզու և գրականություն (TEFL)», «Տեղեկատվական համակարգեր» և այլ մասնագիտացումներ:

Համալսարանը շարունակաբար ուսումնասիրում է ԵՄ գործընկեր համալսարանների կրթական ծրագրերը` ապահովելու կրթական ծրագրերի համադրելիությունն ու ներդաշնակեցումը, ինչպես նաև խթանելու անձնակազմի և ուսանողների շարժունությունը: ԵՄՀ-ն ընդունել է կրեդիտների ամբողջական ճանաչման քաղաքականություն և մշակել համապատասխան մեխանիզմներ՝ ապահովելու այդ քաղաքականության իրագործումը: Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում իրագործված նախագծերի քանակով ԵՄՀ-ն հանրապետության լավագույն բուհերի շարքում է: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ HARMONY ծրագրի շրջանակներում ԵՄ գործընկերների առաջարկությունների և ծրագրի իրականացման ընթացքում կատարված վերլուծությունների հիման վրա ԵՄՀ-ն մշակել է միջազգայնացման առանձին ռազմավարություն։

Այսպիսով, վերջին ժամանակահատվածի արդյունքներով այսօր արդեն Եվրասիա միջազգային համալսարանը ներկայանում է որպես դինամիկ զարգացող, միջազգային ուսանողների զգալի համակազմ ունեցող, կրթության որակը և նորարարությունը արժևորող հանրապետությունում հայտնի կրթագիտական հաստատություն։ Համալսարանը իր ներուժի շնորհիվ վերջին տարիներին ընկալվում է որպես հանրապետության բուհական և հետազոտական համակարգերի բարեփոխումների առաջամարտիկ՝ որակին միտված բարձրագույն մասնագիտական հաս-տատություն։

ԵՄՀ համակարգմամբ ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվում է դոկտորական կրթության բարեփոխումների ARMDOCT ազգային ծրագիրը, 2023 թ. դարձյալ ԵՄՀ համահամակարգմամբ մեկնարկել է մեկ այլ ազգային ծրագիր (T-GREEN): ԵՄՀ-ում այսօր գործում է ՀՀ բուհական համակարգի համար եզակի՝ Ժան Մոնե ամբիոնը, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի համալսարանների հետ իրականացվում են կրկնակի դիպլոմի ծրագրեր։

Մեր Պատմությունը նկարներում

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։