Երևանում ամփոփվեց միջազգային ուսանողական գիտաժողովը
2019 թ․ հունիսի 22-ին ավարտվեց Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպված «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» խորագրով երկօրյա միջազգային ուսանողական գիտաժողովը։ Ավելի քան ութսուն երիտասարդ գիտնականներ և երեսուն բանախոս ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից, Ռուսաստանի Դաշնությունից առաջարկեցին համաշխարհային անվտանգությանն ուղղված նորարարական մոտեցումներ։ Ամենամյա երրորդ միջազգային գիտաժողովը այս տարի ևս միավորեց բանախոսների և մասնակիցների տարբեր խմբերի՝ ի դեմս առաջատար գիտնականների, հայտնի քաղաքական վերլուծաբանների, քաղաքականություն մշակողների և քաղաքական գործիչների, որոնք երկու օրերի ընթացքում, ինտերակտիվ հանդիպումներով ապահովեցին ակադեմիական աշխարհի և քաղաքականության կապը։